Վիրահատություն, որ փոխում է մարդու աշխարհընկալումը և հնարավորություն ընձեռում լսել ու հասկանալ շուրջը տեղի ունեցող ամեն իրադարձություն: Արդեն 14 տարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում իրականացվում են ականջի կոխլեար վիրահատություններ` վերականգնելով մանկահասակ երեխաների լսողությունը:Բաժանմունքի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան Արթուր Շուքուրյանի, ԱՄՆ-ի UCLA համալսարանի բուժքույրական բաժնի, միջազգային կապերի տնօրեն Սալպի Ակարագյանի և վիրաբույժ Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով 2004 թվականից մինչ օրս մեր երկրում կատարվել է 100 կոխլեար վիրահատություն` բարձրակարգ սարքավորումներով և ժամանակակից իմպլանտներով: Գլխավոր ականջաբանի ջանքերի շնորհիվ Հայաստանը քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում քայլում է համաշխարհային զարգացման միտումներին համաքայլ` հնարավորություն տալով հայ այցելուներին օգտվել աշխարհում առկա ժամանակակից մեթոդներից: Հուլիսի 1-2-ին իրականացված հերթական վիրահատությունների ընթացքում տեղադրվել են վերջին սերնդի սարքավորումները: Բաժանմունքը հանդիսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոն, որտեղ Արթուր Շուքուրյանի ղեկավարությամբ մասնագիտական փորձառություն են ձեռք բերում երիտասարդ ԼՕՌ բժիշկները` վստահ լինելով, որ համալրելու են հանրապետության լավագույն բժիշկների շարքերը: Երիտասարդները վստահ են այդ հարցում, քանզի որպես օրինակ տեսնում են բաժանմունքի բժիշկներից շատերին, ովքեր սերն ու փորձառությունն առ մասնագիտությունը ձեռք են բերել հենց իրենց ղեկավարից` Արթուր Շուքուրյանից:
Մեր զրուցակիցն է ՀՀ ԱՆ գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, «Էրեբունի» ԲԿ-ի քիթ-կոկորդ-ական- ջաբանության բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը:
-Բժիշկ Շուքուրյան, ի՞նչ նախապատմություն ունի Ձեր և ԱՄՆ UCLA համալսարանի համագործակցությունը:
-ԱՄՆ UCLA համալսարանի` մեր հայրենակից Սալպի Ակարագյանի հետ համատեղ կոխլեար վիրահատություններ կատարելու որոշումը կայացվեց 2004 թվականին, ու արդեն 14 տարի ծրագիրը բարեհաջողությամբ իրականացվում է. կատարվել է 100-ից ավել վիրահատություն: Վիրահատված հիվանդները հիմնականում երեխաներ են, բայց կան նաև մեծահասակներ: Վիրահատում ենք, եթե կա ծանրալսություն կամ չորրորդ աստիճանի խլություն: Ցանկալի է երեխաներին վիրահատել մինչև 3 տարեկանը, քանի որ դրանից հետո նյարդային համակարգի լսողության կենտրոնն այլևս չի գործում: Այս իսկ պատճառով կա որոշակի տարիքային սահմանափակում: Վիրահատությունից մեկ ամիս անց միացվում է լսողության սարքը, որը տեղադրվում է ներքին ականջում. այն միացնելուն պես երեխան սկսում է լսել, արձագանքում է ձայներին, մոր ձայնն է հասկանում:
-Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում հիմնական նորամուծությունները կատարվում են Ձեր ղեկավարած բաժանմունքում: Կա՞ն նոր կիրառվող մեթոդներ, նոր մոտեցումներ:
-Խխունջային ներպատվաստվող իմպլանտից բացի կան նաև իմպլանտավորվող այլ սարքեր, որոնք դրսի կողմից տեղադրվելով ականջի ետնամասում` առանց խորը վիրահատության ապահովում են լսողությունը: Մեր փորձառությունը դեռ քիչ է այս իմպլանտների տեղադրման գործում, բայց այժմ փորձում ենք խորացնել այն: Զարգացած երկրներում աշխատում են նորագույն մեթոդներով ու իմպլանտներով: Կարծում եմ` դրանք մեզ մոտ ապագայում ևս կկիրառվեն: Օրեր առաջ կատարված վիրահատությունների ժամանակ տեղադրեցինք պրոցեսորների` ականջի դրսի հատվածում տեղադրվող սարքավորման ամենաժամանակակից տարբերակը, ինչը ոչ բոլոր երկրներում է օգտագործվում: Այս ծրագրում մենք հետ չենք մնում, փորձում ենք ժամանակին համընթաց շարժվել: Կիրառում ենք նորագույն ախտորոշման մեթոդները: Նախկինում, օրինակ, հարկ էր լինում վիրահատության ժամանակ գրանցումը կատարել լարերով սարքավորումներով, իսկ այժմ արդեն ունենք հեռակառավարվողները: Կարևորում ենք այն հանգամանքը, որ սարքավորումները ևս ժամանակակից լինեն: Ներդրել ենք քթի ներդիտակային վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս խուսափել ավելի մեծ վիրահատություններից: Հայմորիտների ժամանակ, օրինակ, վիրահատությունները կատարում ենք քթի միջոցով, մինչդեռ շատ այլ բուժկենտրոններում այդ նույն վիրահատությունը կատարվում է մեծ կտրվածքներով: Կոկորդի նորագոյացությունների ժամանակ ևս էնդոլարինգյալ վիրահատությունները կատարվում են հատուկ սարքերի միջոցով: Առաջին հայացքից պարզ թվացող տոնզիլէկտոմիան` նշիկների հեռացումը, կատարվում է ժամանակակից ռադիոալիքային ռեդուկցիայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից, արնահոսությունից:
-Ի՞նչ եք ամեն անգամ զգում վիրահատությունից հետո, երբ մանկանն աշխարհը նորովի ընկալելու հնարավորություն եք ընձեռում:
-Զգացմունքները տարբեր են, բայց հիմնականում ուրախության զգացողություն է լինում, երբ հասկանում ես, որ հերթական վիրահատությունը դրական արդյունք տվեց, անցավ առանց բարդությունների: Այն մի ամբողջ թիմի զգացողություն է, բոլորը նույն ապրումներն են ունենում` վիրահատողներից մինչև բուժքույրը, անէսթեզիոլոգը: Բոլորն էլ կարելի է ասել` հրճվանք են զգում` գիտակցելով, որ իրենց կատարած միջամտությունը լավ արդյունք է ունենալու, ինչը միանգամից տեսանելի չէ, սակայն մենք համակարգչային գրանցման ժամանակ արդեն տեսնում ենք լսողական պոտենցիալը:
-Խլությունը լսողության նրբազգացությունն է: Ինչպե՞ս են փոխվում մարդիկ, երբ լսելու հնարավորություն են ստանում:
-Առաջինը դեմքի արտահայտությունն է փոխվում: Մինչ լսելը մարդիկ ինքնամփոփ են, իսկ լսելուց հետո դեմքը, ընկալումը բավականաչափ փոխվում են: Ծնողները երբեք իրենց զգացողությունները չեն կարողանում թաքցնել, նրանք միշտ ջերմ են արտահայտվում, բայց առավել հետաքրքիր ու հուզիչ է երեխաների արձագանքը, երբ սկսում են գրկել ու համբուրել բոլորին:
-Բաժանմունքը հանդիսանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոն: Ի՞նչ եք զգում ամեն անգամ, երբ դիմավորում եք ապագա օտորինոլարինգոլոգների հերթական սերնդի ներկայացուցիչներին:
– Մեզ մոտ գալիս են հետդիպլոմային կլինիկական օրդինատորներ, ասպիրանտներ, և ես հավատում եմ, որ նրանց մեջ լինելու են մարդիկ, ովքեր վաղն իրենք են աշխարհում առկա լավագույն մեթոդները կիրառելու մեր երկրում: Այսօր նրանք մեր բաժանմունքում անցնում են վերապատրաստում` աշխատելով բարձրակարգ մասնագետների կողքին, ծանոթանալով լավագույն մոտեցումներին ու սարքավորումներին: Նույնը կարող եմ ասել նաև մարզային բժիշկների մասին, ովքեր հնարավորություն ունեն մեզ մոտ մեկամսյա գործունեության ընթացքում անցնել դասընթացներ, թրեյնինգներ և այլն: